Բացօթյա համերգ Կամերայինում․ Խաչատուր Ավետիսյան-100
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում սեպտեմբերի 10-ին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրել է համերգային ծրագիր՝ նվիրված 20-րդ դարի հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։
Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի՝ ազգային շնչով, մեղեդային հարստությամբ և ինքնատիպ երաժշտական մտածողությամբ ստեղծված սիրված երգերն ու պարեղանակները։
Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, ով նաև ներկայացված ստեղծագործությունների մշակումների և գործիքավորումների հեղինակն է։
Երեկոյին մասնակցել են մենակատարներ Վարդան Բադալյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Լուսինե Մարկոսյանը, Գայանե Ղամբարյանը, Արամո Մամիկոնյանը, Մարիաննա Գևորգյանը և Զաքար Քեշիշեանը։
Ծրագրում ընդգրկված էին «Իլիկներով պար», «Տաղ հայտնության», «Մախմուր աղջիկ», «Երբ խանդում ես», «Հուշեր», «Ծաղկած բալենի», «Հայոց հովիկ», «Իմ եղեգ», «Անընդհատ շարժում», «Որտեղ գտնեմ քեզ», «Իմ անուշ տավիղ», «Հովվի երգը», «Կապույտ թռչուն», «Հին Թիֆլիս» ստեղծագործությունները։
Խաչատուր Ավետիսյանի երաժշտությանը նվիրված հոբելյանական երեկոն հանդիսատեսին ևս մեկ անգամ հնարավորություն է տվել հաղորդակից լինելու կոմպոզիտորի հարուստ ստեղծագործական ժառանգությանը և արժևորելու ազգային երաժշտարվեստում նրա թողած նշանակալի ավանդը։